Մոսկվան գիտակցաբար Ադրբեջանին զենք է վաճառել ՀԱՊԿ-ում իր դաշնակցի դեմ պատերազմի համար, գրում է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։ «Կարելի է երկար եւ հետաքրքիր քննարկել, թե Մոսկվային ում հետ է շահավետ բարեկամություն անելը՝ Երեւանի՞, թե՞ Բաքվի։ Գուցե պետք է անտեսել հայ-ադրբեջանական անհաշտելի հակամարտությունը եւ փորձել չեզոքությու՞ն պահպանել։ Սակայն ստացվել է այնպես, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ պաշտպանում է Ռուսաստանին գրեթե բոլոր առանցքային հարցերում։ Ադրբեջանը հետխորհրդային տարածքում ոչ մի ռուսամետ կազմակերպության անդամ չէ եւ չի եղել, արտաքին քաղաքականությունը երբեք Մոսկվայի հետ չի համաձայնեցրել՝ առաջին հերթին ուղղորդվելով հարազատ Անկարայից»,- գրում է վերլուծաբանը։ 2014թ. մարտին Ղրիմի կարեւորագույն հարցով Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում պաշտպանեց Ռուսաստանին, իսկ Ադրբեջանը դեմ քվեարկեց։ Այսինքն՝ Երեւանը իրավաբանորեն եւ փաստացի Մոսկվայի դաշնակիցն է, իսկ Բաքուն՝ ոչ։
Թե որքանով է դա Մոսկվայի համար օբյեկտիվորեն լավ կամ վատ, հեղինակը պատրաստ չէ պատասխանել, սակայն փաստն արձանագրում է։ Եվս մեկ փաստ է, որ դաշնակցային պարտավորությունները պետք է կատարել։ Վերջին 8 տարում Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղրիմի, Սիրիայի օրինակներով Ռուսաստանը ցույց է տվել, որ ինքը ուժեղ եւ հուսալի դաշնակից է, այնինչ ՆԱՏՕ-ն նույն օրինակներով ցույց է տվել, որ իր հետ ընկերությունը ինքնասպանության է հավասար։ Ղարաբաղյան հակամարտությանը ՆԱՏՕ-ն ներգրավված չէ, իսկ Ռուսաստանն այստեղ ունեցավ իր առաջին լուրջ «ծրագրային խոտանը»։ «Վերջին տարիներին Ադրբեջանը հսկայական քանակությամբ ժամանակակից ռազմական տեխնիկա է գնել Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իսրայելից։ Ամենից շատ զենք Ադրբեջանը գնել է Ռուսաստանից, ընդ որում զենքը, որը հարձակողական է, ակնհայտորեն նախատեսված չէ Բաքվում շքերթներ կազմակերպելու համար, այլ Ղարաբաղում հայկական ամրությունները կոտրելու համար։ Դա հասկանալու համար անգամ դիվանագետ կամ զինվորական լինել պետք չէ։ Մոսկվան գիտակցաբար Ադրբեջանին պատերազմական զենք է վաճառել ՀԱՊԿ-ում իր դաշնակցի դեմ։
Առեւտրային տեսակետից դա շատ հաջող գործարք էր, սակայն քաղաքական տեսակետից, մեղմ ասած, կասկածելի։ Այդ առիթով Մոսկվայի փաստարկը, թե մենք չվաճառենք, ուրիշները կվաճառեն, կասկածելի է, եթե ավելի կոպիտ չասենք։ Բացի այդ, «ուրիշները» որոշ բաներ վաճառել չեն կարող։ Օրինակ՝ ՏՈՍ-1Ա հզորագույն համակարգի անալոգը աշխարհում ոչ ոք չունի։ Իսկ հենց դա է կարող Ղարաբաղի զորքերի առաջնագծին մեծ վնաս հասցնել։ Բացարձակ անհասկանալի է, թե որտեղ կարող էր Ադրբեջանը ձեռք բերել Տ-90-ի անալոգը։ Այնպես որ «ուրիշների» մասին փաստարկը ոչ միայն առավելագույնս ցինիկ է, այլ նաեւ չի համապատասխանում իրականությանը։ Երեւի թե հասկանալով այդ ամենը՝ Կրեմլը մեծապես ջանքեր գործադրեց հրադադարի հասնելու եւ Ղարաբաղում ստատուս քվոն վերականգնելու համար։ Խնդիրն այն է, որ ստատուս քվոն հավերժ չի կարող մնալ, իսկ հակամարտության խաղաղ կարգավորման կախարդական բաղադրատոմս Մոսկվան չունի, քանի որ այն առհասարակ գոյություն չունի։ Բացի այդ, Երեւանը հիմա բացահայտ դիրքորշում ունի, եւ նրան հասկանալ կարելի է, ՀԱՊԿ-ի գոյության ֆոնին ընդգծված չեզոք դիրք բռնելու Մոսկվայի փորձը տարօրինակ է։ Մոսկվան մինչեւ հիմա ուզում է ՀԱՊԿ-ում տեսնել ՆԱՏՕ-ի համանմանությունը՝ որպես հզորագույն ռազմական բլոկի։ Հիմա կարելի է ասել, որ մեզ հաջողվել է իրական ՆԱՏՕ-ի համանմանությունը ստեղծել՝ պղպջակ, որտեղ ոչ ոք ոչ մեկի պաշտպանել չի պատրաստվում։
Դեռ մինչեւ ապրիլյան պատերազմը Ռուսաստանը հայտնել էր Հայաստանին զենք մատակարարելու մասին, այդ թվում՝ ՏՈՍ-1Ա եւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Ընդ որում, վարկով։ Դա ինչ-որ չափով կվերականգնի հավասարակշռությունը հակամարտության գոտում եւ ավելի լավ կպաշտպանի ստատուս քվոն, քան դիվանագիտական ջանքերը, հատկապես որ նավթի եւ գազի գների անկումը հարված է հասցրել Ադրբեջանի ռազմական բյուջեին։ Ադրբեջանի անգամ ներկայիս նշանակալի ռազմական գերազանցությունը նրան բացարձակապես հաղթանակ չի ապահովում։ Եթե այդ գերազանցությունը կրճատվի, ԼՂՀ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու Բաքվի որոշումը անորոշ ժամանակով հետ կմղվի»,- գրում է Խրամչիխինը։